Տաք փետրվարը հանգեցրել է ծիրանենու ծաղկման. Գագիկ Սուրենյանը՝ եղանակային փոփոխությունների մասին

Աննա Կոստանյան 15.02.2021 - 15:02
15.02.2021 - 15:02 դիտում

Հայաստանում վերջին տաք ձմեռը գրանցվել է 2018 թվականին, սակայն փետրվարին տաք օրերի տևողության և բացարձակ ցուցանիշներով, 2021 թվականի փետրվարը գերազանցում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նկատելով, որ այս անգամ ավելի շատ տաք օրեր են եղել: Նման տաք փետրվար գրանցվել է 1979 թվականին:

«Փետրվարի 1-ից մինչև այսօր ունեցել են տաք եղանակ, որը դեռ երկու օր էլ շարունակվելու է: Հանրապետությունում ունեցել ենք միջինը 8-10 աստիճանով կլիմայական նորմայից բարձր ջերմաստիճան: Վերջին 4-5 օրերին, Արարատյան դաշտում, ինչու չէ Սյունիքի հովիտներում գրանցվել է +18 աստիճան, որը մոտ է պատմական առավելագույն արժեքներին»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Նա սոցցանցի իր էջում լուսանկար էր հրապարակել այն մասին, որ Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքում ծիրանենին ծաղկել է: Նախկինում նման բան չի արձանագրվել փետրվարի կեսերին: Այս շրջանում հոնի ծաղկում եղել է, բայց ծիրանենու՝ ոչ: Հաշվի առնելով, որ առաջիկայում օդի ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում, արդյո՞ք ցրտահարության վտանգ կա. հարցին ի պատասխան Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս պահին այն հատվածում, որտեղ ծիրանենու ծաղկում կա, դժվար զրոյից ցածր ջերմաստիճան գրանցվի: Մյուս հատվածներում պտղատուների ծաղկում չունենք, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արարատյան դաշտին:

«Փետրվարի 18-ից օդի ջերմաստիճանը սկսում է իջնել, մինչև ամսի 20-ն իջնելու է, թե որքան կպահպանվի, այս պահին կդժվարանամ ասել: Կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, այս օրերի հետ համեմատ օդի ջերմաստիճանը 10-13 աստիճանով նվազում է: Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, լեռնային բնակավայրերում կգրանցվի ամենացածր ջերմաստիճանը՝ մոտ -10…-14»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Երևանում օդի ջերմաստիճանը շատ չի նվազի, կանխատեսվում է -4:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ