Վարչապետը՝ վրացական պետհամարանիշով ավտոմեքենաները Հայաստանում վարելու մասին

Աստղիկ Խաչատրյան 13.09.2023 - 20:26
13.09.2023 - 20:26 դիտում

Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում՝ վրացական պետհամարանիշի նկատմամբ, բայց խոսքը Հայաստանի հարկային և մաքսային պարտավորությունները չկատարելու մասին է: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս կերպ արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Հայաստանում վրացական պետհամարանիշով ավտոմեքենա վարելու՝ ՊԵԿ-ի նախաձեռնության մասին հարցի:

«Նրանք, ովքեր դա օգտագործում են որպես հարկերից խուսափելու միջոց, միանշանակ պետք է ամենակոշտ ձևով այդ հարցը կասեցվի»,- արձագանքեց Փաշինյանը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ երբ նկատել է, որ Հայաստանում վրացական պետհամարանիշներով մեքենաներն ավելացել են, շատ է ուրախացել՝ մտածելով, որ հայ-վրացական կապերը, զբոսաշրջային հոսքերն են ակտիվանում, բայց երբ հետաքրքրվել է, պարզվել է՝ մաքսային պարտավորություններից խուսափելու համար է:

«Էլի եմ ասում, իմ դիրքորոշումն այն է, որ այս և մնացած դեպքերում ՀՀ-ի նկատմամբ հարկային և մաքսային պարտավորություններ չկատարելու վերաբերյալ ես որևէ կոմպրոմիս չեմ պատկերացնում: Եթե մենք գնալու ենք կոմպրոմիսների, ուրեմն մենք անընդհատ գնալու ենք կոմպրոմիսների. դա նշանակում է՝ մենք այդքան էլ պետություն չենք»,- ասաց վարչապետը:

Շիրակ Թորոսյանն արձագանքեց՝ համաձայն է վարչապետի հետ, սակայն առաջարկվում է պայման, որն անհամատեղելի է քաղաքացու հնարավորության հետ, ուստի անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմ՝ հաշվի առնելով նաև երկքաղաքացիների գործոնը: Նա նաև հիշեցրեց, որ նախագծի ընդունման դեպքում, օրինակ՝ 8000 դոլարանոց մեքենա ունեցողը 4-5 միլիոն դրամ մաքսազերծման գումար պետք է մուծի:

Վարչապետն արձագանքեց՝ մարդ պետք է վարի այն մեքենան, որն իր հնարավորությունների սահմանում է, ապա հիշեցրեց, որ ինքն էլ վարել է մեքենա, որն իր հնարավորությունների սահմանում է:

Ինչ վերաբերում է երկքաղաքացիներին, վարչապետը խոստացավ այդ մասով դեպքերն առանձին ստուգել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ