Վահանավանք` միջնադարյան վանական համալիր Հայաստանում

Աննա Կոստանյան 12.08.2022 - 15:05
12.08.2022 - 15:05 դիտում

Վահանավանք նաև Հովհաննավանք միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին։

Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիք նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերում է հսկայական կալվածքներ։ Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։

Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահանի եղբորորդի Վահան Ա Սյունեցին։

Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

1966 թվականից կատարվում են պեղումներ, իսկ 1978 թվականից՝ վերականգնողական աշխատանքներ։ 2006-2009 թվականներին իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը։ Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել։ Համալիրի երկհարկ եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը, վերականգնվել է խորհրդային տարիներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ