Սահմանային վեճերը պետք է հանգուցալուծվեն սահմանազատմամբ և սահմանագծմամբ. Լավրովը՝ Ադրբեջանի վերջին սադրանքի մասին

Աննա Կոստանյան 14.01.2022 - 13:59
14.01.2022 - 13:59 դիտում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2021 թ. արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների վերաբերյալ հարցին: Լրագրողը հարցրել էր, թե Լավրովի կարծիքով՝ դա որքանո՞վ է կապված Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության կազմում ՀՀ զորակազմի մասնակցության հետ:
«Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի՝ հնարավորինս շուտ  սահմանազատման օգտին: Սահմանային միջադեպերը կապված չեն Լեռնային Ղարաբաղի գոտու և կարգավորման հետ: Դա երկու պետությունների սահմանային կարգավորման հարց է: Գրեթե մեկ տարի մենք առաջարկում ենք քայլեր այդ ուղղությամբ՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով: Մենք մշտապես հայտնել ենք հարցին մեր աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամություն: Մեր գլխավոր շտաբում կան քարտեզներ, որտեղ հստակ երևում են ԽՍՀՄ ձևավորման ընթացքում սահմանների փոփոխությունները, և թե որտեղով են անցել նախկին ԽՍՀՄ երկու պետությունների վարչական սահմանները»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով:
«Ես երեկ շփվել եմ հայ գործընկերոջս հետ: Այնտեղ հանձնաժողովի ստեղծման նոր առաջարկներ են ներկայացվել, որոնք մենք կփոխանցենք Բաքվի մեր գործընկերներին: Կա դիրքորոշումների որոշ հակասություն: Մեր դիրքորոշումը պարզ է. նստել և արդեն ստեղծված հանձնաժողովի շրջանակում լուծել այն բոլոր հարցերը, որոնք դեռևս համաձայնեցված չեն: Մենք համոզվեցինք, որ թեման քննարկվում է, և անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որն այդ հարցը կքննարկի առաջնահերթ կարգով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ