Պլանավորվում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Երեւան

Աննա Կոստանյան 17.02.2022 - 12:27
17.02.2022 - 12:27 դիտում

Փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Հայտնում է ՀՀ ԱԺ-ն։

Նիստերին կմասնակցեն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երեւան:

Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մշտական հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:

Փետրվարի 22-ին՝ ժամը 10:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում տեղի կունենա Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը: Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները ճեպազրույցը լուսաբանելու նպատակով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահ կարող են մուտք գործել միայն հատուկ անցագրով:

Տարածք մուտք գործելու եւ ճեպազրույցը լուսաբանելու համար նախատեսված հատուկ անցագիր ստանալու ցանկություն ունեցող լրատվամիջոցները կարող են ներկայանալ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն մինչեւ փետրվարի 18-ը՝ ժամը 17:00-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ