Չավուշօղլուն քննադատել է Արևմուտքի դիտորդական առաքելությունները հայ-ադրբեջանական սահմանին

Աննա Կոստանյան 21.10.2022 - 15:45
21.10.2022 - 15:45 դիտում

2023-ի համապետական ընտրություններին ընդառաջ «Քաղաքային հանդիպումների» շրջանակներում Մերսին մեկնած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների վերաբերյալ։

Չավուշօղլուն ԵԱՀԿ-ին մեղադրել է ղարաբաղյան հիմնախնդիրը 30 տարի շարունակ հետաձգելու և չլուծելու մեջ։ Հիմա էլ քննադատում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին։

«Դիտորդներ կամ որևէ այլ պատվիրակություն ուղարկելով ռեգիոն՝ դու անգամ Ադրբեջանի կարծիքը չես հարցնում։ Ակնհայտորեն նրանք (ԵԱՀԿ-խմբ.) ունեն Հայաստանին աջակցելու նպատակ։ ԵԱՀԿ-ն փակուղու մեջ է։ Ընդունված որոշումները հիմա հակասում են ԵԱՀԿ-ի գործող կանոններին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

ԵԱՀԿ–ն պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանի կառավարության հրավերով հոկտեմբերի 21–ից 27–ը կարիքների գնահատման առաքելություն կգործուղի Հայաստան։ Եվրամիությունը (ԵՄ) նույնպես Հայաստանի առաջարկով դիտորդական առաքելություն կտեղակայի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։

ԵԱՀԿ-ից հետո Չավուշօղլուն թիրախավորել է Եվրամիությանը` վերջինիս մեղադրելով խոստմնազանցության և անազնվության մեջ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արված յուրաքանչյուր դրական քայլ ազդում է նաև մեր հարաբերությունների վրա։ Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք ամեն մի դրական քայլին։ Եվրոպայի համար ևս սա շատ օգտակար կլինի»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ