Ռուսաստանը համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին, հիանում ձեր ցուցաբերած քաջությամբ. Պուտինը՝ Փեզեշքիանին

1.09.2026 - 18:00 դիտում

Բիշքեկում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի նախագահները: Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտներում:

«Ռուսաստանը համերաշխություն է հայտնում Իրանի ժողովրդին։ Հիանում ենք ձեր՝ ազգային շահերի համար պայքարում ցուցաբերած քաջությամբ»,- դիմել է Վլադիմիր Պուտինը Մասուդ Փեզեշքիանին՝ ափսոսանք հայտնելով, որ Իրան-ԱՄՆ հրադադարը խախտվել է:

«Այս դժվարին ժամանակներում փորձում ենք ձեզ օգնություն տրամադրել, մատակարարում ենք անհրաժեշտ ապրանքները»,- հավելել է Կրեմլի ղեկավարը։

Փեզեշքիանն էլ շնորհակալություն է հայտնել ռազմական գործողությունների և ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Մոսկվայի դիրքորոշման համար: Նա ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում:

«Վստահ ենք, որ այս կերպ կարող ենք հակազդել ԱՄՆ միակողմանի գործողություններին և հակաիրանական անարդար պատժամիջոցներին: Մենք կարող ենք ինչ-որ կերպ շրջանցել դրանք՝ ՇՀԿ-ի և այլ կազմակերպությունների շրջանակում»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահը։

Նա կրկնել է՝ եթե ամերիկյան կողմը կատարի Վաշինգտոն-Թեհրան փոխըմբռնման հուշագրի դրույթները, իրանական կողմը նույնը կանի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ