Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

1.09.2026 - 21:28 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ որքան շուտ Հայաստանը հստակեցնի Եվրամիությանն անդամակցելու հարցը, այնքան լավ, քանի որ Ռուսաստանին անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես հետագայում զարգացնել երկու երկրների հարաբերությունները։

Պուտինի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա բարդություններ է ստեղծում, այդ թվում՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համատեքստում։

ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը հնարավորինս արագ կհստակեցնի իր որոշումը՝ ապագայում ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում։ Նա նաև առաջարկել է այս հարցում ընտրության հնարավորությունը տալ Հայաստանի ժողովրդին։

Պուտինը հայտարարել է, որ մեկ այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է։ Տարեսկզբից երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար։

Կրեմլի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին, ինչը, նրա խոսքով, համապատասխանում է երկու ժողովուրդների հիմնարար շահերին։

Հանդիպման ընթացքում Պուտինն անդրադարձել է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։ Նրա խոսքով՝ ռուսական ընկերություններն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և հանդիսանում են Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուները։

Նա հիշատակել է նաև Ռուսաստանի և Հայաստանի համատեղ նախագծերը խաղաղ ատոմի, տրանսպորտի և թվային տնտեսության ոլորտներում։

ՌԴ նախագահի ներկայացմամբ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացքում հանրապետության ՀՆԱ-ն աճել է երեք անգամ, իսկ միության երկրներ արտահանումը՝ տասն անգամ։

 

Աղբյուր՝ 1Lurer.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ