2027 թվականին Հայաստանում կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։
Այս մասին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի պետբյուջեից այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 69,8 միլիարդ դրամ (190 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի)։ Միջոցները կտրամադրվեն Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ վարկային համաձայնագրի շրջանակում։
KfW-ի հետ առաջին վարկային համաձայնագրերը կնքվել էին 2014-2015 թվականներին, սակայն հետո միջոցների տրամադրումը հետաձգվել էր։ Ներկայումս շինարարության համար ներգրավվել է ընդհանուր առմամբ 323,75 միլիոն եվրո՝ նախագծի 542,75 միլիոն ընդհանուր արժեքի պարագայում։
Այս պահին սկսվել է Դդմաշենից և Այրումից դեպի Վրաստանի սահման ձգվող էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Մոտ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը շահել է հնդկական KEC International Limited ընկերությունը։
Հայաստան-Վրաստան գծի, ինչպես նաև կառուցվող (նույնպես ուշացումներով) 400 կիլովոլտանոց Իրան-Հայաստան գծի շինարարության ավարտի արդյունքում նախատեսվում է ձևավորել Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցք՝ էլեկտրաէներգիայի առևտրի և տարանցման համար։
