Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ կան 1 զոհ, 3 վիրավոր

Գոհար Ստեփանյան 5.01.2021 - 11:11
5.01.2021 - 11:11 դիտում

Հունվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և LADA Priora մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և մի քանիսին իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց։ Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննիսյանի և Սպիտակի բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ