Շուշիի մոտակայքում վիրավորում ստացածներից մեկի վիճակը կայուն ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. Արցախի ԱՆ

9.11.2021 - 11:50 դիտում

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990 թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող, և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում և բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք:

Մյուս երկու վիրավորվածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Արմեն Սարգսյանի (ծնված 1980 թ.) մոտ առկա էր ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Գագիկ Ղազարյանի (ծնված 1978 թ.) մոտ առկա էր կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում՝ առանց պլևրալ խոռոչի թափանցման:

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Քովիդ 19-ով պայմանավորված՝ հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում։

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի…

Опубликовано Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep. Понедельник, 8 ноября 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ