Շիրակի մարզն Արագածոտնի և Արմավիրի մարզերին միացնող ճանապարհը նորոգվում է

Աննա Կոստանյան 31.07.2023 - 18:28
31.07.2023 - 18:28 դիտում

Հիմնանորոգվում են Հ 75, Մ 9-Իսահակյան-Գյումրի-Մ 7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածները՝ կմ 23+250 – կմ37+500 (ընդհանուր երկարությունը՝ 14.25կմ) և կմ 45+300 – կմ 60+200 (ընդհանուր երկարությունը՝ 14.9 կմ)։ Երկու հատվածներում էլ այս պահին կատարվում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպության՝ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջին հատվածի արդեն մոտ 5.4 կմ-ն սաֆալտապատ է (տեղադրվել է ներքին շերտը), մյուս տեղամասերում կատարվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Նորոգվում են ճանապարհին առկա կամուրջները։ Աշխատանքներ են կատարվում ճանապարհի պատվածքի հիմքի իրականացման ուղղությամբ։ Երկրորդ հատվածում նույնպես մոտ 8.5 կմ-ն (ներքին շերտ) ասֆալտապատ է, այստեղ նույնպես ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Իսահակյան-Գյումրին Մ 1 միջպետական ճանապարհը շրջանցող ճանապարհ է, որը Շիրակի մարզը միացնում է Արագածոտնի և Արմավիրի մարզերին, այն նաև մի քանի գյուղեր իրար կապող ուղի է, և ինչպես նշում է կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, ժամանակին հանրապետական նշանակության այս ավտոճանապարհն ունեցել է մեծ ինտենսիվություն, սակայն անանցանելիության պատճառով երթևեկության ինտենսիվությունը նվազել էր։ Երկար տարիներ ճանապարհը չէր նորոգվել։ Շինարարը նկատում է, որ հիմնանորոգումից հետո ունենալու ենք բավականին մեծ կրողունակության ճանապարհ, և ինտենսիվությունն այստեղ դարձյալ կմեծանա՝ թեթևացնելով Մ 1 միջպետական ճանապարհի երթևեկը։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի խոնսալթ» ընկերությունը։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ