Մեծ Բրիտանիան 22,5 մլն դոլար կհատկացնի Չեռնոբիլի ԱԷԿ-ի պաշտպանիչ կառույցի վերանորոգմանը

Աննա Կոստանյան 15.10.2026 - 18:30
15.10.2026 - 18:30 դիտում

Մեծ Բրիտանիան 17 մլն ֆունտ ստեռլինգ՝ շուրջ 22,5 մլն դոլար, կհատկացնի Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) պաշտպանիչ կառույցի վերանորոգման համար։ Կառույցը վնասվել է 2025 թվականին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Հատկացված միջոցները կուղղվեն կառույցի հերմետիկության և օդափոխության համակարգերի վերականգնմանը, ինչպես նաև դրա նախագծային ծառայության ժամկետի պահպանմանը։

Ֆինանսավորումը կիրականացվի միջազգային ծրագրի շրջանակում, որը համակարգում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ Ուկրաինայի կառավարության և «Մեծ յոթնյակի» (G7) երկրների դոնորների հետ համատեղ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախազգուշացրել է, որ առանց վերանորոգման կոռոզիան կարող է երկարաժամկետ վտանգներ ստեղծել շրջակա միջավայրի և անվտանգության համար։ Բացի այդ, կառույցի հետագա քայքայումը կարող է վտանգել տասնամյակների ընթացքում միջազգային ներդրումների շնորհիվ ձեռք բերված արդյունքները։

Հաղորդագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիան Չեռնոբիլի միջազգային համագործակցության հիմնադրամի (ICCA) խոշոր դոնորներից մեկն է։ Հիմնադրամին երկրի կատարած ընդհանուր ներդրումները կազմել են 8 մլն եվրո՝ շուրջ 9 մլն դոլար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ