Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. կան 1 զոհ, 1 վիրավոր

Գոհար Ստեփանյան 8.05.2021 - 10:49
8.05.2021 - 10:49 դիտում

Մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել են տղամարդու դի:   Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:   Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ էլ հայտնաբերվել է բիտա:   Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ:   Փաստի առթիվ Վ. Ավագյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:   Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը:   Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Տեղում են նաև ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:   Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ