Համաքաղաքացուն կացնով հարվածներ հասցրած բնակչին՝ մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Աստղիկ Խաչատրյան 30.08.2021 - 11:29
30.08.2021 - 11:29 դիտում

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Գյումրիի բնակչին մեղադրանք է առաջադրել սպանության փորձ կատարելու համար: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ տղամարդը կացնով հարվածներ է հասցրել համաքաղաքացուն, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս ձեռքերով պաշտպանվել է հարվածներից, միջամտել են նաև տուժածի ընկերները, ինչից հետո 38-ամյա տղամարդը նստելով ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից:

Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ ունեցած տարաձայնությունների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել

«ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց: Նշված վայրում իջնելով ավտոմեքենայից, համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կացնով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ վերջինս ձեռքերով պաշտպանվել է հարվածներից՝ ձախ ձեռքի շրջանում ստանալով մարմնական վնասվածք»,- ասված է հաղորդագրության մեջ:

38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձ կատարելու հոդվածով, վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ