Մարդ-արջ կոնֆլիկտը ահագնանում է Հայաստանի տարբեր մարզերում․ FPWC-ի ահազանգը

Աննա Կոստանյան 21.06.2022 - 14:38
21.06.2022 - 14:38 դիտում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է, որ մարդ-արջ կոնֆլիկտը ահագնանում է Հայաստանի տարբեր մարզերում։ Խնդիրը հատկապես ակնհայտ է Վայոց ձորի մարզում, և այս մասին փաստում են բազմաթիվ ահազանգերը ինչպես հիմնադրամի գրասենյակ, այնպես էլ՝ այլ պատկան մարմինները։

Մասնավորապես, առկա են փաստը վկայող թակարդ-տեսախցիկների նկարահանումներ, որոնք փաստել են արջերի աննախադեպ ակտիվացումը հատկապես տվյալ տարածքում։

«Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկում է ստեղծել արագ արձագանքման խումբ՝ կազմված ԱԻՆ աշխատակիցներից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներից, Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցչից և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահներից։

Արագ արձագանքման խումբը պատասխանատու կլինի հնարավորինս արագ հասնելու դեպքի վայր, արձանագրելու և փաստագրելու տեղում հարձակման դեպքերը և հաշվետու կլինի պատկան մարմիններին։ Լիահույս ենք, որ նմանատիպ համագործակցությունը կնպաստի մարդ-արջ կոնֆլիկտի մեղմանը Վայոց ձորի մարզում»,- նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կոնֆլիկտի ուսումնասիրմանը, անհրաժեշտության դեպքում կոնֆլիկտային վարք ցուցաբերող առանձնյակներին բռնելու և ապաստարան տրամադրելու հարցում, ինչպես նաև ֆինանսապես աջակցելու Շրջակա միջավայրի նախարարությանը Հայաստանում արջերի թվաքանակի և տարածվածության ուսումնասիրությունների իրականացմանը՝ International Animal Rescue-ի և FPWC-ի միջոցներով։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ