Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը

12.11.2026 - 12:01 դիտում

Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է 1 նախագիծ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն իր ելույթի ժամանակ նշեց, որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, ինչով պայմանավորված՝ մեկնարկելու են TRIPP զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները:

«Այս աշխատանքները շրջանակային համաձայնագրին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ է մի շարք օրենքներում համապատասխան փոփոխությունների ընդունում, ինչի մասին նշված է համաձայնագրում: Այս փոփոխություններն իրավական առումով կապահովեն գործընթացի իրականացումը, կազմակերպության հիմնումը սահուն և կարճ ժամկետներում, ինչը թույլ կտա առաջ մղել TRIPP-ի ծրագիրը»,- ասաց նա:

Ըստ նախարարի տեղակալի՝ ներկայացված փաթեթով առաջարկվում է ՀՀ իրավական համակարգում ներդնել նոր ինստիտուտ՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող ընկերությունների համար հատուկ իրավական կարգավորումներ նախատեսելու հնարավորություն։

«ՀՀ-ն ընդլայնում է միջազգային տնտեսական համագործակցությունը, որի շրջանակում իրականացվելու են ենթակառուցվածքային, տրանսպորտային, տարանցիկ, էներգետիկ և ներդրումային կարևոր ծրագրեր։ Դրանց իրականացման համար կարող են ստեղծվել առանձին ընկերություններ, այդ թվում՝ ՀՀ-ի և օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ։ Նման ընկերությունների կառավարման մոդելը ձևավորվում է նաև միջազգային բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,– ասաց նա՝ նշելով, որ առաջարկվող փաթեթի ընդունմամբ ՀՀ օրենսդրությունը ձեռք կբերի անհրաժեշտ ճկունություն։

Նախագծով հատուկ կարգավորումների կիրառումը կթույլատրվի միայն այն դեպքում, երբ ընկերությունը ստեղծվում է ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա և դրա իրագործման նպատակով, և եթե ՀՀ-ն այդ ընկերությունում ունի առնվազն 25 տոկոս մասնակցություն։

«Առաջին պայմանը մեխանիզմի առանցքային երաշխիքներից է, քանի որ ապահովում է միայն ԱԺ-ի կողմից վավերացրած միջազգային պայմանագրի առկայության դեպքում այս կարգավորումների կիրառումը, իսկ երկրորդ երաշխիքը նախագծով նախատեսված հարցերի հստակ ցանկն է, որոնց դեպքում թույլատրվում է օրենքից տարբերվող առանձնահատկությունների նախատեսում»,– ասաց նա։

Նախարարի տեղակալը պարզաբանեց՝ 25 տոկոսի շեմն ընտրվել է այն բանի համար, որ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը կարևորագույն որոշումների համար պահանջում է բաժնետերերի ձայների երեք քառորդը։ Այդ պայմաններում 25 տոկոս և ավելի մասնակցությունը պետությանը տալիս է ազդեցություն կառավարման մարմիններում։ Նախատեսվում է նաև, որ պետության մասնակցությունը 25 տոկոսից նվազելու դեպքում հատուկ ռեժիմն այլևս կիրառելի չի լինի։

Քվեարկության արդյունքների համաձայն՝ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Դրան կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Առաջարկների համար տրվեց 3 ժամ։

Առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում արտահերթ նիստին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ