Ղազախական «FlyArystan»-ն այսօր առաջին անգամ վայէջք կատարեց Զվարթնոցում

Աննա Կոստանյան 2.06.2022 - 17:56
2.06.2022 - 17:56 դիտում

Ղազախական «FlyArystan» ավիաընկերության ինքնաթիռն այսօր առաջին անգամ վայէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում։ Այսուհետ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին կիրականացվի Ալմաթի-Երևան-Ալմաթի թռիչքներ։
Օդանավակայանում տեղի է ունեցել օդանավի դիմավորման արարողություն ջրային կամարով։ Դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը և այլ հյուրեր։
Նախարարը կարևորել է այս իրադարձությունը՝ նկատելով՝ չվերթերը կարող են դրական անդրադառնալ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման վրա։ «Մենք այս իրադարձությունը համարում ենք լուրջ ձեռքբերում։ Հայ-ղազախական հարաբերությունները բավական ակտիվ տեմպով զարգանում են, և այս իրողությունն էլ ավելի կնպաստի դրան»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Սանոսյանը։
ՀՀ-ում ՂՀ դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է ներկաներին թռիչքների մեկնարկի կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում։ Դեսպանը հատկանշական է համարել, որ ուղիղ չվերթի մեկնարկը համընկնում է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրերին: «Այս չվերթի բացումը մեծ նշանակություն ունի մեր բազմոլորտ համագործակցության համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութահումանիտար ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար։ Մենք աշխատում ենք ավելի խորացնել Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաք Նուր-Սուլթանից Երևան թռիչքներ իրականացնելու ուղղությամբ ևս»,-ասել է դեսպանը։
Ալմաթի-Երևան առաջին թռիչքով Երևան են ժամանել ղազախ լրագրողներ, բլոգերներ։ Այսօր օդանավակայանում նրանց դիմավորել են նվերներով, կազմակերպվել էր հայկական գինու հյուրասիրություն։ Առաջին չվերթի մասնակիցները մի քանի օր կմնան Հայաստանում, կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերով և իրենց տպավորությունները կփախանցեն համերկրացիներին, որը կարող է տուրիզմի զանրգացման խթան հանդիսանալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ