ՀՌՀ-ում նիստ է գումարվել

Աննա Կոստանյան 22.05.2023 - 18:28
22.05.2023 - 18:28 դիտում

Այսօր՝ մայիսի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ», «ՀՈՎՆԵՏ», «ՌԱԴԱՐ ԱՐՄ», «ԻՐԻԴԱ ԳԼՈԲԱԼ», «ՖՐՈՒԹՆԵԹ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Այդ մասին հայտնում են հանձնաժողովից։

Նիստի օրակարգի հաստատումից հետո իրավաբանական և լիցենզավորման վարչության ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշեց, որ դեռևս 2022 թվականի փետրվար ամսին Հանձնաժողով է մուտքագրվել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության դիմումը, որտեղ նշված է ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության կողմից առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթի պահանջի խախտման փաստը։ Դիստրիբյուտորը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում տեսալսողական ծրագրերի վերահաղորդման ծառայություններ մատուցող ցանցային օպերատորի կողմից («ՋԻ ԷՆ ՍԻ ԱԼՖԱ» ՓԲ ընկերության ապրանքային նշանի ներքո՝ «Ռոստելեկոմ») սկսած 2022 թվականի հունվարի 01-ից առանց համապատասխան իրավական հիմքերի իրականացվում է տեսալսողական ծրագրերի վերահաղորդում։ Դիստրիբյուտորը նշում է նաև, որ ցանցային օպերատորի հետ վերը նշված տեսալսողական ծրագրերի վերահաղորդման վերաբերյալ պայմանագիր և/կամ որևէ համաձայնագիր չի կնքել։

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով դիստրիբյուտորի դիմումը, 2022 թվականի փետրվարին ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, ինչպես նաև ցանցային օպերատորի մոտ իրականացրել մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով:

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ցանցային օպերատորի հեռարձակող կայանում իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվում է դիմումում նշված տեսալսողական ծրագրերը։

Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից ներկայացված զեկուցագրով տեղեկացվել է, որ ցանցային օպերատորը ներկայացրել է վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկը, որտեղ դիմումում նշված ծրագրերը ներառված չեն, սակայն ցանցային օպերատորը տեղեկացրել է, որ իր ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում տեղի են ունեցել փոփոխություններ՝ ավելացել են տեսալսողական ծրագրերը, որոնք վերահաղորդվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 4-ի որոշման հիման վրա։

Հանձնաժողովը, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կետերը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 04-ի հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին որոշումը, 2022 թվականի մարտի 16-ի թիվ 37-Ա որոշմամբ կասեցրել է ցանցային օպերատորի նկատմամբ հարուցված վարչական վարույթը՝ մինչև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով որոշում կայացնելը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2023 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ կարճել է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության ընդդեմ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության՝ հեռուստաալիքների վերահեռարձակման իրավունքը խախտող գործողությունները կանխելու պահանջի մասին գործը` վեճն ըստ էության սպառվելու հիմքով։

Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ցանցային օպերատորը հարուցված վարչական վարույթի ընթացքում ներկայացված իր պարզաբանման մեջ նշել է, որ որևէ իրավախախտում թույլ չի տվել և իրենց կողմից վերը նշված տեսալսողական ծրագրերը վերահաղորդվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 04-ի՝ հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին որոշման հիման վրա, ուստի Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում արձանագրում է, որ վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության հիմքով ցանցային օպերատորի նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կարճել «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Ներկարացնելով «ՀՈՎՆԵՏ» Ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՀՈՎՆԵՏ» ՍՊ ընկերության կողմից՝ «Արմենիա», «։ԲՈՒՆ Թի Վի», «5-րդ ալիք», «Freenews», «Նուռ ԹիՎի», «Առաջինի լրատվական», «Индийское кино», «Родное кино», «TV 1000 Action», «Пятница Int.», «THT», «НТВ», «ТВЦ», «Ностальгия», «МТV 00s», «Детский Мир», «Мир 24», «Россия 24», «Россия 1» և «Матч Боец» տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստը։

Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է նաև ցանցային օպերատորի գործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն, որի արդյունքում պարզվել է հետևյալը. Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, ծանուցել ցանցային օպերատորին և հայտնել, որ հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները և բացատրությունները: Ցանցային օպերատորը Հանձնաժողով է ներկայացրել իր պարզաբանումն այն մասին, որ նշված խախտումն իրենց սխալմունքն է, միաժամանակ տեղեկացնելով, որ մնացյալ բոլոր թերություններն արդեն շտկված են։ Այսպիսով, վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ ցանցային օպերատորի կողմից իրականացվել է իրավախախտում, ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀՈՎՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

«ՌԱԴԱՐ ԱՐՄ» և «ԻՐԻԴԱ ԳԼՈԲԱԼ» ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը ներկայացնելիս, նշվեց, որ հայտնաբերվել է Օրենքի խախտում՝ Ընկերությունների կողմից իրենց 2022 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը Հանձնաժողով չի ներկայացրել:

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով ցանցային օպերատորների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ, որի ընթացքում ցանցային օպերատոր «ՌԱԴԱՐ ԱՐՄ» ընկերությունը ներկայացրել է համապատասխան պարզաբանումներ, նշելով որ ապրիլի 1-ի վերջնաժամկետի չներկայացման պատճառը կրել է տեխնիկական բնույթ՝ պայմանավորված էլեկտրոնային հաղորդակցության համակարգի ոչ պատշաճ աշխատանքի և ծանուցման ստացման ու հաշվետվության տեղեկանքի ներկայացման նամակների հարցում թյուրըմբռնման հանգամանքներով: «ԻՐԻԴԱ ԳԼՈԲԱԼ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանումներ այն մասին, որ հաշվետվության ուշացման պատճառ է հանդիսացել՝ «ԻՐԻԴԱ ԳԼՈԲԱԼ» Ընկերության հաշվապահական ընկերության և կոնտակտային անձի և հասցեների փոփոխվելու պատճառը, որի արդյունքում գրությունների չստացման պատճառով ուշացվել է հաշվետվությունը:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողների կողմից ներկայացված պարզաբանումներն ու փաստարկները, որի արդյունքում գտել է, որ ներկայացված պատճառաբանությունները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ Հանձնաժողովի կողմից Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթով սահմանված իրավախախտումը չարձանագրելու և պատասխանատվություն չկիրառելու համար: Այսպես, ելնելով վերոգրյալից հիմք ընդունելով օրենքի 57-րդ հոդվածի 28-րդ մասը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՌԱԴԱՐ ԱՐՄ» և «ԻՐԻԴԱ ԳԼՈԲԱԼ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 28-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով սահմանված 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

«ՖՐՈՒԹՆԵԹ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը քննարկելիս նշվեց, որ Հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի նախագահի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 14-Ա հրամանը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով եղել է «Ֆրութնեթ» ՍՊ ընկերության գործունեության վայրում, որի արդյունքում արձանագրել է, որ 2023 թվականի ապրիլի 18-ին ժամը 12։30-ից մինչև 13։00-ն տեղում դիտարկում իրականացնելու նպատակով գտնվել է ցանցային օպերատորի գործունեության հասցեում, տեղում դիտարկում իրականացնելու համար ցանցային օպերատորը չի ապահովել համապատասխան տեխնիկական միջոցներով, ինչպես նաև ցանցային օպերատորի ղեկավարը կամ ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձը տեղում դիտարկման վայրում չի եղել: Օպերատորների գործունեության տեղում դիտարկման արդյունքների վերաբերյալ 2023 թվականի ապրիլի 18-ին կազմված արձանագրության մեկ օրինակը փոստով առաքվել է ցանցային օպերատորին։ Ցանցային օպերատորը համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի՝արդարացնում է իր գործողությունները, պնդելով որ Հանձնաժողովի կողմից խախտվել են իր պարտավորությունները, ըստ որի ցանցային օպերատորը մշտադիտարկում իրականացնելու մասին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատշաճ չի ծանուցվել: Հարուցված վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Ցանցային օպերատորը պետք է հաշվի առնի, որ օրենքներով հստակ սահմանվում են իրավական նորմեր, որոնց չպահպանելը առաջացնում են իրավական հետևանքներ և ցանցային օպերատորը պատասխանատվություն է կրում տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովման համար և տվյալ դեպքում ցանցային օպերատորը պարտավոր էր պահպանել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող իրավական պահանջները։ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՖՐՈՒԹՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով սահմանված 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Անդրադառնալով օրակարգային վերջին հարցին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կասեցնել «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ 2023 թվականի մայիսի 12-ին հարուցված վարչական վարույթը՝ մինչև 2023 թվականի ապրիլի 07-ին ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի ավարտը։ Որպես վարչական վարույթի կասեցման հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, նույն հոդվածի 4-րդ մասը և հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության գրությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ