Հունվար-փետրվարին 1400 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում

Աննա Կոստանյան 14.03.2022 - 18:07
14.03.2022 - 18:07 դիտում

2022 թ․ հունվար-փետրվար ամիսների ընթացքում շուրջ 1400 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում․ այդ նպատակով վճարվել է շուրջ 249 միլիոն դրամ։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Այս տարի ավանդների փոխհատուցման ծրագրից օգտվում են նաև մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

Ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում).

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։

5) ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

Ավանդի փոխհատուցման իրավունք ունեն՝

  • մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
  • ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
  • սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)՝ բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
  • ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ