ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարի ազատազրկման

Աննա Կոստանյան 21.06.2023 - 17:46
21.06.2023 - 17:46 դիտում

Ապրիլի սկզբին Նախիջևանից Հայաստանի տարածքն ապօրինի հատած, Պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Դատավճիռը չի գոհացրել սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հարազատներին, նրանք պահանջում էին ցմահ ազատազրկում:

Ադրբեջանցի զինծառայողը, որը համածառայակցի հետ հատել էր պետական սահմանը, պահնորդի սպանությունից հետո հափշտակել էր տուժողի հեռախոսն ու տեսաուղերձ նկարել, հրապարակել սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, թե եկել են Հայաստան, հայերի արյուն են թափել: Ախունդովին հայտնաբերել էին քաղաքացիները, երբ նա փորձել էր ոտքով հասնել Իրանի սահման: Նրա հետ սահմանը հատած մյուս զինծառայողը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ կայացվել էր։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել էր 11,5 տարվա ազատազրկման։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր էր ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով և ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանրորեն վտանգավոր արարքների համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ