Հատուկ տակտիկական ուսումնավարժանք՝ Արագածոտնի մարզի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում

Աննա Կոստանյան 4.02.2022 - 18:21
4.02.2022 - 18:21 դիտում

Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունն այսուհետև իր աշխատանքները կկազմակերպի վերանորոգված և նոր գույքով հագեցած վարչական շենքում: Իսկ մինչ վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողությունը «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք է անցկացվել Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում:

Վարժանքի պլանի համաձայն՝ Աշտարակ քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Երկրաշարժի հետևանքով առաջացել են փլուզումներ, որի հետևանքով եղել են տուժածներ: Ազդարարման, տարհանման աշխատանքներից հետո պայմանական տուժածներին ցուցաբերվել է առաջին օգնություն: Կիրառված ալպինիստական գործիքների միջոցով շենքի արգելափակված տարածքից աշակերտները դուրս են բերվել:

Վարժանքին ներկա են եղել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարեն Սիմոնյանը, ՓԾ ստորաբաժանումների և ԱԻՆ բոլոր մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:

Մարզպետ Ս. Մովսիսյանը կարևորել է նմանատիպ վարժանքների և միջոցառումների կազմակերպումը: Ըստ նրա՝ երեխաների անմիջական մասնակցությունը արդյունավետ և նպատակային է, քանզի նման իրավիճակում նրանք առավել արագ կկողմնորոշվեն: Նրա գնահատմամբ՝ թե´ աշակերտները և թե´ փրկարարներն իրենց առջև դրված խնդիրը լավ են կատարել:

Փրկարար ծառայողների շենքային պայմանների բարելավման խնդիրները ԱԻ նախարարության համար առաջնահերթ են: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հիմնանորոգված շենքի բացման արարողության ժամանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ աշխատանքների ամբողջ ընթացքն իրականացվել է աշխատակիցների ուժերով, իսկ նյութական միջոցները հատկացրել են նախարարությունը: Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ նախատեսվում է նոր վերանորոգված շենքերն ապահովել նաև նոր գույքով և տեխնիկական միջոցներով:

Առաջիկայում կավարտվեն նաև Արագածոտնի մարզի Ապարան և Կոտայքի մարզի հրշեջ փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավման աշխատանքները:

Միջոցառումից հետո անցկացվել են աշխատակիցների խրախուսման արարողություն և հրամանատարական պատրաստության պարապմունքներ՝ մարզային փրկարարական վարչության ղեկավարների մասնակցությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ