Հայոց բանակը 29 տարեկան է

Գոհար Ստեփանյան 28.01.2021 - 09:29
28.01.2021 - 09:29 դիտում

Հայկական տոնացույցի ամենակարեւոր եւ ամենապատասխանատու օրերից մեկն է հունվարի 28-ը: Սա տոն է, որ հպարտությամբ են նշում թե’ Հայաստանում, թե’ սփյուռքում, սա օր է, որ հայ ժողովրդին համոզեց, որ պայքարը չի ավարտվել ու նոր հաղթանակներն առջեւում են: Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման տարեդարձն է: Ինչպես 23 տարի առաջ, այնպես էլ այսօր Հայկական բանակն է հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորը: Հայոց բանակի կազմավորման բեկումնային տարիները 1992-1994 թվականներն էին, երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղան նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացվեցին ազգային բանակի ստեղծման հարցում:

Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլով: Առաջին փուլը տևել է 1988 թ. փետրվարից մինչև 1992 թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

Երկրորդ փուլը տևել է 1992 թ․ հունիսից 1994 թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետություններն Ադրբեջանի ագրեսիայի թիրախում էին։

Երրորդ փուլն սկսվել է 1994 թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։

1990 թ․սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեց հինգ վաշտ։ 1991 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում, դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը:

Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992 թ. մայիսին պաշտպանության նախարարությունն սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ