Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան

27.04.2024 - 14:13 դիտում

Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Տավուշի մարզում մեկնարկած սահմանազատման գործընթացին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Գավառ գալու ճանապարհին հետաքրքիր դեպք է տեղի ունեցել:

Ճանապարհին հացի արտադրամասում քաղաքացիներից մեկն իրեն հարցրել է, թե ինչու է մեր գյուղերը տալիս Ադրբեջանին։

«Սա շատ կարևոր հարց է, և ես հիմա չեմ ուզում ասել այն, ինչ-որ քաղաքական մակարդակներում ասել եմ, որ Հայաստանում երբեք այդպիսի գյուղ չի եղել, բայց ես ուզում եմ մի բան ասել, որը շատ կարևոր է։ Այս որոշումները մենք ինչի՞ ենք կայացնում, կայացնում ենք ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սահմանին տեղադրված՝ հրապարակված սյան նկարները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են։

«Այդ սյունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարն է: Այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը։

Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ որովհետև տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված: Մենք պետք է մեր սխալների մասին խոսենք: Երբ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն չճանաչված տարածք դարձնելու ռիսկի ենք ենթարկում մեր պետությունը, ինչն էլ երկար տարիներ արել ենք»,- ընդգծեց վարչապետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ