ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ուղերձը՝ բանակի օրվա առթիվ

Գոհար Ստեփանյան 28.01.2021 - 10:05
28.01.2021 - 10:05 դիտում

Հայկական բանակը պետության այն հիմնասյունն է, որի վրա խարսխված է մեր բոլորի հավաքական կամքը, մաքառման ձգտումը եւ անկոտրում ոգին։ Դարերով ոսոխի բազկի հարվածից մենք չենք ծնկել, ու այսօր էլ բոլորիս համար Հայկական բանակը մնում է անպարտելի։ Խոնարհումս մարտի դաշտում անմահացած մեր եղբայրներին եւ քույրերին՝ իրենց նվիրումի ու արյան գնով է, որ կերտվելու են մեր վաղվա հաղթանակները։ Մեր ազգային նպատակների հենքում պետք է լինի բանակի ամենօրյա զարգացումը։ Զինված ուժերը լինելով մեր պետականության և ինքնիշխանության ողնաշարը՝ անգամ վերջին ծանր շրջափուլից հետո, մնացել են պինդ և կանգուն։ Միայն ոգով տոկուն նվիրյալների եւ անդավաճան մարտիկների ջանքերով կարող ենք մեր մեջքը շտկել։ Այսօր սահմանին կանգնած զինվորը պետք է զգա յուրաքանչյուրիս աջակցությունը, քանզի մարտունակ բանակ ունենալն աներկբա պարտադրանք է։ Լիահույս եմ, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը կկարողանա կյանքի կոչել Զինված ուժերի զարգացման տեսլականում դրված կարևոր դրույթները, որոնք իրապես անկյունաքարային են անվտանգություն և սպառազինության արդիականացման հարցում։ Աշխարհաքաղաքական վայրիվերումները չպետք է ստվերեն բանակաշինության հիմքում դրված մեր մոտեցումները, այլ պետք է խթան դառնան գործընթացների արագացման համար։ Եվ ուրեմն, մենք ընկրկելու, նահանջելու եւ առավել եւս, մեզ պարտված զգալու իրավունք չունենք։ Հավատացած եմ, որ մեր երկրի հաղթական արշալույսները դեռ առջեւում են, որ ծածանվող եռագույնի ներքո ուս-ուսի տված բռնելու ենք հայկական քոչարին։ ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ