Հայաստանի քրդական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Աննա Կոստանյան 19.03.2021 - 19:02
19.03.2021 - 19:02 դիտում

Հայաստանի Հանրապետության քրդական համայնքը մարտի 19-ին բողոքի խաղաղ ակցիա է անցկացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով պաշտոնական տեղեկատվություն՝ քրդական ազատագրական շարժման առաջնորդ, Թուրքիայում ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի առողջության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Քրդական կոմիտեի կազմակերպած ակցիայի մասնակիցները Երևանի Ազատության հրապարակից քայլերթով հասել են ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջները:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններին և գերտերություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել թուրքական բանտում պահվող Աբդուլլահ Օջալանի առողջության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության տրամադրման և նրա հետ հանդիպում կազմակերպելու համար:

«Մենք կրկին բացասական տեղեկություններ ենք ստացել քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մասին: Նա պայքարում է մարդու իրավունքների, ժողովուրդների ազատության ու խաղաղ գոյակցության համար:Ուստի մարդու և ազգերի իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային կազմակերպություններն պետք է իրականացնեն իրենց առաքելությունը և պարզեն Օջալանի առողջական վիճակն ու հանդիպում կազմակերպեն նրա ընտանիքի հետ:Այլապես՝ քուրդ ժողովուրդը տարբեր միջոցներով շարունակելու է իր պայքարը՝ ընդհուպ պահանջելով առաջնորդի ազատությունը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց քուրդ հոգևորական Մահար Բրոյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի
ՀՀ Ազգային Ժողովի ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովի խոսքով՝ շուրջ 22 տարի թուրքական իշխանությունները շարունակական ճնշումներ են գործադրում բանտում գտնվող Աբդուլլահ Օջալանի նկատմամբ:

« Մի քանի անգամ նրանք լուրեր են տարածել, որ Օջալանը մահացել է, ինչը հետագայում հերքվել է:Այս անգամ կրկին նման լուրեր են տարածվել:Արդեն 7-8 օր է, ինչ թուրքական իշխանությունները ոչ մի հավաստի տեղեկություն չեն հաղորդում այդ մասին:Այսօր ամբողջ աշխարհի քուրդ ժողովուրդն է ոտքի կանգնել՝դատապարտելով Թուրքիայի ֆաշիստական գործողությունները մեր ժողովրդի ու առաջնորդի նկատմամբ:Մենք Թուրքիային զգուշացնում ենք հնարավորինս շուտ հավաստի տեղեկություն տրամադրել Օջալանի առողջական վիճակի վերաբերյալ: Մեր այս բողոքի ակցիայի նպատակը կոչ է միջազգային կազմակերպություններին, ԱՄՆ-ին, ՌԴ-ին և եվրոպական պետություններին՝ շուտափույթ միջոցներ ձեռնարկելու Օջալանի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար»,-մանրամասնեց Հասանովը:

Հայաստանի Քրդական կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանի հաղորդմամբ՝քրդական համայնքն իր պահանջը տեղ հասցնելու համար պատրաստվում է խաղաղ ակցիաներ շարունակել այնքան ժամանակ, որքան կպահանջվի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ