Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում օդային տագնապի պատճառով տարհանում է սկսվել։ Այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ուղևորներին հորդորել են տեղափոխվել մոտակա անվտանգ գոտիներ և ապաստարաններ։ Օդանավակայանի աշխատակիցներն աջակցում են մարդկանց տեղաշարժին և տեղեկություններ տրամադրում ստեղծված իրավիճակի մասին։ Հայտարարության համաձայն՝ «Շերեմետևոն» ժամանակավորապես դադարեցրել է օդանավերի ընդունումն ու մեկնումը։
Օդանավակայանի մամուլի ծառայությունը նաև նախազգուշացրել է, որ արգելվում է օգտվել վերելակներից, օդանավերը որպես ապաստարան օգտագործել, գտնվել պատուհանների և ապակե կառույցների մոտ, ինչպես նաև լուսանկարել կամ տեսանկարահանել տեղի ունեցողը։ Ուղևորներին հորդորել են չմոտենալ անօդաչու թռչող սարքերին և դրանց բեկորներին։
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության՝ «Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավերի ընդունումն ու մեկնումը ժամանակավորապես դադարեցվել է նաև «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։
Գործակալությունից հայտնել են, որ քաղաքացիական ավիացիայի աշխատանքը գտնվում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության և «Ռոսավիացիայի» հատուկ վերահսկողության ներքո։
Ուղևորներին աջակցելու համար ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ, իսկ օդանավակայանների ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ «Ռոսավիացիայի» փոխանցմամբ՝ տերմինալներում իրավիճակը հանգիստ է, իսկ ավիաընկերությունները ճշգրտում են չվերթների ժամանակացույցերը։
