Հայաստանը գնահատում է Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի հարցում. Ալեն Սիմոնյան

8.09.2021 - 19:13 դիտում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Պակ Բյոն-Սոկի հետ:

Ընդգծելով, որ Կորեայի Հանրապետությունն ասիական տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է` ՀՀ ԱԺ նախագահը փաստեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության դերը մեծ է: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Կորեա բարեկամական խմբի վերաձևավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան և կամրապնդվեն: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծեց Կորեայի կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու փաստը:

Գոհունակությամբ նշվեց, որ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանում իրականացվել են տարաբնույթ ծրագրեր: Ալեն Սիմոնյանը կորեացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին: Հանգամանալից ներկայացվեցին նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների, այդ թվում` կանանց և քաղաքացիական անձանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահն ի պատասխան նշեց` որպես պատերազմներ վերապրած ազգի ներկայացուցիչ` լավ է հասկանում այդ ցավը և խնդրեց փոխանցել իր սատարումն ու աջակցությունը զոհվածների և ռազմագերիների ընտանիքների անդամներին:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը գնահատում է Կորեայի Հանրապետության դրսևորած հավասարակշռված և չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում և հուսով է, որ Կորեան կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հարցի խաղաղ հանգուցալուծմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ