Կբարելավվեն սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները

Աննա Կոստանյան 6.04.2023 - 17:42
6.04.2023 - 17:42 դիտում

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների կայուն զարգացման համար։ 2023 թ. հունվարի 31-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ ծրագրի շրջանակում համագործակցության պայմանագիր է կնքել թվով 4 կազմակերպություն՝ 3 բանկ և 1 վարկային կազմակերպություն։

Սակայն մինչ օրս դեռևս չի կնքվել հիփոթեքային վարկավորման որևէ գործարք, քանի որ ծրագրով սահմանված որոշ պահանջներ հակասում են վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորվող վարկերին ներկայացվող պահանջներին, ինչը խոչընդոտում է ծրագրի իրականացմանը։ Փոփոխությունների նպատակն է բարելավել ծրագրի պայմանները՝ դրանք համապատասխանեցնելով հիփոթեքային վարկավորման գործընթացի շրջանակում բանկերում և վարկային կազմակերպություններում սահմանված ընթացակարգերին, ինչպես նաև վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորվող վարկերին ներկայացվող պահանջներին։

Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ և լրացմամբ բացառվում են այն դեպքերը, երբ ոչ աշխատանքային օրերի պատճառով (ինչպես նաև երբ առաջին վճարման օր չի նշանակվում վարկի տրամադրմանը հաջորդող ամսվա 20-ը) հիփոթեքային վարկի վճարման ժամանակացույցում կատարվում են որոշակի փոփոխություններ՝ խախտելով նշված սահմանաչափերը, ինչի արդյունքում ծրագրի բոլոր պայմաններին բավարարելու դեպքում շահառուն ստիպված է լինում կատարել ամսական վճարումներ տարբերության մասով, ինչպես նաև այդ դեպքում բանկերի կողմից իրականացվող գործընթացն է բարդանում։ Մեկ այլ փոփոխությամբ էլ հիփոթեքային վարկավորման պայմանները համապատասխանեցվում են հիփոթեքային վարկավորման գործընթացի շրջանակում բանկերում և վարկային կազմակերպություններում սահմանված ընթացակարգերին, ինչպես նաև վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորվող վարկերին ներկայացվող պահանջներին, ինչն էապես խոչընդոտում է ծրագրի իրականացմանը։

Արդյունքում՝ հնարավոր կլինի անխոչընդոտ իրականացնել ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ