Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ հայ ժողովուրդը շատ լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները։ Շեշտվել է Հայաստանի առաջատար դերը ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջմղման գործում՝ անդրադառնալով ՀՀ նախաձեռնությամբ սահմանված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, Միջազգային օրվա 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով Մարդու իրավունքների խորհրդի երկամյա բանաձևին, ինչպես նաև վերջերս ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» Գլխավոր ասամբլեայի բանաձևին։
Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը՝ իր համապատասխան մեխանիզմների միջոցով, կրում է առանցքային պատասխանատվություն՝ ապահովելու արդյունավետ վաղ նախազգուշացում և կանխարգելիչ գործողություններ, նախքան իրավիճակները կվերածվեն մարդկային ողբերգությունների։ Այս համատեքստում շեշտվել է, որ «ՄԱԿ 80» նախաձեռնության շրջանակներում ընթացող քննարկումները պետք է ամրապնդեն Կազմակերպության կանխարգելման կարողությունները:
