Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

6.07.2026 - 19:32 դիտում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ու հանրակրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ մեկնարկած հուլիսյան խորհրդակցությունները, որտեղ քննարկվել են դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող հարցերը, ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետարանների կրթության ոլորտի պատասխանատուները։

Հիշեցնենք, որ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։ Այս փոփոխության նպատակը հանրակրթական դպրոցներում բարեփոխման մեծածավալ ծրագրերի սահուն ընթացքի և միասնական մոտեցման ապահովումն  է։

«Բարեփոխման ծրագրերն առնչվում են հանրակրթության պետական չափորոշչի ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերի և դպրոցի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Կարևորելով բոլոր դպրոցներում միասնական մոտեցում ունենալու հանգամանքը՝ որոշվել է դպրոցների բովանդակային կառավարումն ամբողջությամբ փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական կառավարումը՝ շենք-շինությունների պահպանությունը, դրանց բարեկարգմանն ուղղված աշխատանքների համակարգումը, անվտանգությունը, մաքրությունը վերապահել մարզպետարաններին։ Շարունակելու ենք նույն կերպ համագործակցված աշխատել՝ հետամուտ լինելով միասնական ընդհանուր նպատակին՝ կրթության որակի բարձրացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ որոշակի աշխատանքներ են ակնկալվում  նաև համայնքներից։

Նրա խոսքով՝ աստիճանաբար համայնքները պետք է առավելագույն մասնակցություն ունենան դպրոցներում տեղի ունեցող գործընթացներում՝ մասնակցելով նաև կառավարման հարցերին:

«Շատ կարևոր է, որ հատկապես գյուղական բնակավայրերում նոր կառուցվող դպրոցները և կրթահամալիրները դառնան համայնքային կենտրոններ, որովհետև դրանք տվյալ բնակավայրում եզակի ենթակառուցվածքներ են և ճիշտ չի լինի, որ օգտագործվեն միայն դպրոցի գործունեության շրջանակում։ Պետական ներդրումներն ավելի նպատակային կլինեն, եթե նորաստեղծ ենթակառուցվածքները լայն կիրառում ստանան՝ ծառայելով նաև համայնքի կյանքի կազմակերպմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով կրթական գործընթացի կազմակերպմանը՝ նա հայտնել է, որ նախատեսվում է ունենալ նաև մարզային համակարգողներ, որոնք անմիջական կապի մեջ կլինեն դպրոցների հետ՝ պարբերական այցեր կատարելով դպրոցներ, խնդիրներն ու իրավիճակի հսկողությունը  պահելով ուշադրության կենտրոնում:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ որակյալ կառավարում իրականացնելու նպատակով տարբեր ուղղություններով ներդրվում է թվայնացման համակարգ: Նախատեսվում է թվայնացնել ամենաբարդ համակարգերից մեկը՝ ֆինանսավորումը, ինչը զգալի կհեշտացնի ընթացիկ աշխատանքները:

Հանդիպման շրջանակում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև հաստիքացուցակներին, հանրակրթության նոր չափորոշչի ներդրման առանձնահատկություններին, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, ինչպես նաև ուսուցման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք այլ հարցերի: Ներկաները իրենց հուզող հարցերն ու դիտարկումներն են ուղղել նախարարի տեղակալին և ստացել սպառիչ պատասխաններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ