Իրանում կինը կախաղան է հանվել ամուսնուն սպանելու համար

Աննա Կոստանյան 22.12.2023 - 13:12
22.12.2023 - 13:12 դիտում

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի կնոջ, որին կնության էին տվել 15 տարեկանում և որն ավելի ուշ սպանել էր ամուսնուն, գրում է iranwire.com-ը:

«Այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել Սամիրա Սաբզիանը՝ մանկահասակ հարսնացուն, որը դատապարտվել էր ամուսնու «կանխամտածված սպանության» համար», – հայտնել է Նորվեգիայում գործող Իրանի Մարդու իրավունքների (IHR) խումբը։

Նշվում է, որ «Սամիրա Սաբզիանը տարիներ շարունակ եղել է գենդերային ապարտեիդի և ընտանեկան բռնության զոհ»:

Սաբզիանը 15 տարեկան էր, երբ ամուսնացել է: Չորս տարի անց՝ 2013 թվականին, նա սպանել է ամուսնուն։ Սպանության ժամանակ նա երկու երեխա է ունեցել:

Սաբզիանն ի սկզբանե հրաժարվել է հանդիպել իր երեխաներին բանտում՝ հույս ունենալով ներում ստանալ ամուսնու ծնողներից: Երեխաների խնամակալությունը տրվել է հայրական հարազատներին:

Իսլամական քրեական օրենսգրքի համաձայն՝ սպանության համար մեղադրվողները բոլորն էլ մահապատժի են դատապարտվում՝ անկախ նրանց դրդապատճառներից և հանցագործության հանգամանքներից։ Սպանվածի ընտանիքին տրվում է ընտրություն՝ մահապատիժ պահանջելու կամ ֆինանսական փոխհատուցում ստանալու միջև:

Սաբզիանի գործով հայցվորներ են եղել նրա ամուսնու ծնողները, որոնք խնդրել են մահապատիժ իրականացնել։

Իսլամական Հանրապետությունը համարվում է աշխարհում կանանց մահապատիժների թվով առաջատար երկիրը՝ 2022 թվականին առնվազն 16 կնոջ կախաղան հանելով: Այս տարի երկրում մահապատժի է ենթարկվել առնվազն 17 կին:

Ըստ Իրանի օրենսդրության՝ կանայք չեն կարող ամուսնալուծության դիմել նույնիսկ ընտանեկան բռնության դեպքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ