Ինչպես են ոստիկանները ձերբակալում «Համմերի» 26-ամյա վարորդին. տեսանյութ

11.02.2023 - 14:46 դիտում

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 10-ին՝  ժամը 23.30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային՝ 3 և քաղաքացիների՝ 8 մեքենաներ։

Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն «Համմերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել է փախուստի:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ «Համմերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 26-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվել է Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ