Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը

Աննա Կոստանյան 13.02.2023 - 12:19
13.02.2023 - 12:19 դիտում

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը, գրում է Al-Jazeera-ն։

Թուրքիայում, ըստ այդ երկրի արտակարգ իրավիճակների վարչության, վերջին տվյալներով, զոհ է դարձել 29.605 մարդ, Սիրիայում՝ 4500-ից ավելի: ՄԱԿ-ը կիրակի ավելի վաղ նախազգուշացրել էր, որ զոհերի թիվը կարող է կրկնապատկվել: Երկու պետությունում գրեթե 900.000 մարդ տաք սննդի խիստ կարիք ունի:

Թուրքիայի իշխանությունները սկսել են փլուզված բարձրահարկ շենքերի շինարարների հանդեպ քրեական հետապնդումները, հայտարարել են 130 կասկածելի խախտումների մասին՝ սեյսմիկ ակտիվ գոտում շինարարության ընթացքում, ինչի պատճառով բարձրահարկ շենքերը առաջին ցնցումների ժամանակ փլուզվել են։

Տուժած 10 նահանգում 170.000 շենքեր ստուգելուց հետո իշխանությունները հայտնել են, որ 25.000 տուն ամբողջությամբ ավերվել կամ շատ մեծ վնաս է կրել: Դատախազությունը կալանքի 113 լիազորագիր է ներկայացրել, կիրակի առավոտյան ձերբակալվել է 12 մարդ։

Ընդդիմությունը կալանքները համարում է իշխանությունների կողմից մեղքը շինարարների ու կառուցապատողների վրա բարդելու և զայրացած բնակչության ուշադրությունը պետական ​​կառավարման ձախողումներից շեղելու փորձ:

Ընդդիմության կարծիքով՝ նախագահ Էրդողանի կառավարման 20 տարիների ընթացքում իշխանությունները աչք են փակել շինարարական կանոնների խախտումների վրա և ոչ նպատակային են ծախսել գումարները, որոնք հավաքվել են շենքերի սեյսմակայունության բարձրացման հատուկ հարկի տեսքով:

Էրդողանը, որին մայիսին սպասում են դժվար նախագահական և խորհրդարանական ընտրություններ, հերքել է մեղադրանքները և ասել, որ մեղավոր են քաղաքապետարաններում աշխատող ընդդիմության կոռումպացված պաշտոնյաները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ