Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական գործը դատարանում է

7.06.2022 - 19:00 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները՝ մեխանիզմը, թմրանյութեր իրացրած երկու անձի, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերած անձանցից երեքի ինքնությունը. 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։

Նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ  Երևան քաղաքի բնակիչը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով, իր ազգականի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 77,8 գրամ «Մեթամֆետա­մին», 0,18 գրամ քաշով՝ «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ», խոշոր չափերի՝ 0,3 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոցներ, դրանք ապօրինի պահել իրենց փաստացի բնակության վայրում:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նշված անձինք իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի վաճառքի արժեքի և ձեռքբերման պայմանների շուրջ ինտերնետային հավելվածների միջոցով նամակագրություններ են վարել դրանք գնելու ցանկություն հայտնած բազմաթիվ անձանց հետ, որից հետո պահանջել են գումարը փոխանցել «Իդրամ» համակարգի՝ իրենց կողմից ստեղծված և կառավարվող էլեկտրոնային դրամապանակին, իսկ երբ հավաստիացել են, որ գումարը փոխանցված է, գնորդներին տեղեկացրել են թմրամիջոցի գտնվելու վայրի մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի բնակչին և նրա ազգականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, թմրամիջոցներ ձեռք բերած երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ևս մեկին՝ 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս ազգականի և թմրամիջոց ձեռք բերած երեք անձանց նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հինգ մեղադրայլի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ