Երևանում կանցկացվի դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն

Աննա Կոստանյան 1.02.2021 - 18:48
1.02.2021 - 18:48 դիտում

Ապրիլի 5-ից մայիսի 5-ը Երևանում կանցկացվի դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն։ Այն կազմակերպել են «Dudukman Production»-ը և դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Էմանուել Հովհաննիսյանը։

Մրցույթ-փառատոնի նպատակն է պատանի և երիտասարդ դուդուկահարների շրջանում նոր տաղանդների բացահայտումը, ինչպես նաև հայկական այս գեղեցիկ նվագարանի հանրահռչակումը:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել մինչև 22 տարեկան դուդուկահարներ աշխարհի տարբեր երկրներից։

Մրցույթը կանցկացվի երեք փուլով։ Մրցութային փուլերում մասնակիցները կներկայացնեն հայկական երաժշտության տարբեր ճյուղեր։ Առաջին փուլում մասնակիցները կկատարեն ժողովրդական մեղեդի և միջին տեմպի պարեղանակ, երկրորդ փուլում երաժիշտները կներկայացնեն հոգևոր երաժշտություն կամ Կոմիտաս և աշուղական երգի մեղեդի, իսկ երրորդ փուլում կնվագեն մեկ ստեղծագործություն ըստ ցանկության և իմպրովիզացիոն բնույթի արագ տեմպով պարեղանակ։

Մրցույթի բոլոր ելույթները կձայնագրվեն և կտեսագրվեն, այնուհետև կցուցադրվեն «Dudukman Production»-ի բոլոր սոցհարթակներում։ Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցել հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր ստանալ դուդուկի լավագույն մասնագետներից։

Բոլոր մրցանակակիրներին սպասվում են դրամական պարգևներ և մրցանակներ պրոֆեսիոնալ ձայնագրության տեսքով։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն անվանի երաժիշտներ։

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը՝ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ