Գրանադայում որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ. Նիկոլ Փաշինյան

17.09.2023 - 11:47 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Շենգավիթ վարչական շրջանի 8/16 ընտրական տեղամասում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետն անդրադարձավ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, նաև խաղաղության պայմանագրին:

Հարցին՝ արդյոք հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում, վարչապետը բացասական պատասխան տվեց:

«Ցավոք սրտի, ո՛չ, որովհետև եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ-ի հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել; Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը, և մենք ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր և ամեն ինչ անում ենք դրա համար»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն, և կհասնենք խնդրի լուծմանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԼՂ-ում հումանիտար, խորացող ծանր ճգնաժամը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացասաբար է ազդում խաղաղ գործընթացի վրա:

Վարչապետը նաև նկատեց՝ այն ժամանակը, որ մենք շարունակում ենք անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, այդ իրավիճակի չլինելու դեպքում էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը ավելի մեծ էներգիա և ժամանակ տալու վրա:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք նման պայմաններում հնարավո՞ր է խաղաղության պայմանագրի ստորագրում, վարչապետը նկատեց՝ ինքը դա միշտ պետք է համարի հնարավոր:

«Ես ստանձնել եմ քաղաքական հանձնառություն՝ ստորագրել նման պայմանագիր, և ինչքան ուշանում է այդ պայմանագիրը, այնքան վատ է մեր ստանձնած քաղաքական հանձնառության իմաստով: Հնարավոր համարում եմ, որովհետև հույս ունեմ, որ այս իրավիճակը կփոխվի: Մենք աշխատում ենք այդ իրավիճակի փոփոխության վրա, աշխատում ենք Լաչինի միջանցքի բացման վրա, ԼՂ -ի հումանիտար իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, Բաքու-Ստեփանակերտ  երկխոսության վրա»,- նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ իր աշխատանքն է այնպես անել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր լինի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ