Գերմանիան չափազանց զգուշավոր է Ուկրաինային աջակցելու հարցում. Զելենսկի

9.04.2022 - 16:57 դիտում

Եվրամիության անդամ երկրներից մեկի կառավարության ղեկավարը խնդրել է ապացույցներ տրամադրել, որ Բուչայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները բեմադրված չէին։ Այդ մասին գերմանական Bild պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով, որ խոսքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասին չէ։

Ուկրաինայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ մի շարք երկրներ և, հատկապես Գերմանիան, դանդաղեցնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու գործընթացը և դեմ են արտահայտվում ռուսական նավթի ու գազի էմբարգոյին:

«Գերմանիան չափազանց զգուշավոր է Ուկրաինային աջակցելու հարցում։ Նրանք մեզ զենք չէին տրամադրում, բացահայտ հայտարարում էին, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք դառնա: Բեռլինի հռետորաբանությունը, սակայն, փոխվել է»,- պարզաբանել է Զելենսկին:

Նա նշել է նաև, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցելուց բացի այլ ելք չունի՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի հետ բանակցությունները կշարունակվեն։

Հնդկական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում էլ նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու և քննարկելու ցանկացած թեմա, բայց միայն Վլադիմիր Պուտինի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ