Բեռնատար գնացքը բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային

Աննա Կոստանյան 6.10.2021 - 12:32
6.10.2021 - 12:32 դիտում

Հոկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 00:35-ին, Արտաշատ-Արարատ հատվածում գտնվող չթույլատրված գծանցումում բեռնատար գնացքը բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Մեքենայի վարորդի խոսքով՝ մեքենան արգելափակվել է ուղիղ գծերի վրա, երբ նա փորձել էր դրանք հատել չարտոնված վայրում:

Վարորդը չի կարողացել միայնակ դուրս բերել մեքենան գծերից և օգնություն խնդրելու է գնացել, երբ ծանր բեռնատար գնացքն անցել է երկաթուղու այս հատվածով: Արդյունքում շարժակազմը բախվել է ավտոմեքենային և քարշ տվել այն մոտ 250 մետր, ինչի պատճառով փոխադրամիջոցը վերածվել է մետաղի ջարդոնի:

Ներկայումս ընկերության հիմնական ուղղություններում առկա է 23 չարտոնված գծանցում: Միայն 2021 թվականին ընկերությունը ապամոնտաժել է երեք նման անցում, սակայն դրանք կրկին կառուցվել են բնակիչների կողմից:

«Ընկերությունը մտադիր է շարունակել համագործակցությունը իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հույս ունի քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքի վրա:

Ընթացիկ տարում սա չթույլատրված գծանցումներում վթարների արդեն 8-րդ դեպքն է»,- նշված է «Հարավկովկասյան երկաթուղու» տարածած հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ