ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց պետական պաշտոններ զբաղեցնողների վարձատրության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

6.10.2021 - 11:23 դիտում

56 կողմ, 1 դեմ, 23 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներն առաջարկություն են ներկայացրել, սակայն այն չի ընդունվել, քանի որ, փոխնախարարի խոսքով, դա հակասում է սոցիալական փաթեթի գաղափարին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը ևս դեմ էր ընդդիմադիր գործընկերների ներկայացրած առաջարկներին:

«Այն առաջարկը, որ հնչեցվել է՝ սպառողական վարկերի մարումը նույնպես փոխհատուցել, կատեգորիկ անթույլատրելի առաջարկ է: Այսինքն՝ պետությունը մարդուն գումար է տրամադրում, որ մարդը կարողանա դրանով հանգստանալ, առողջությունը վերականգնել, մենք ասում ենք՝ չէ, դու կարող ես քո համար հեռախոս գնել ու այդ հեռախոսի տոկոսը փակե՞լ: Նաև առաջարկ հնչեց, որ՝ եկեք, սոցփաթեթի ընդհանուր ծավալն էլ ավելացնենք: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին սոցփաթեթի ընդհանուր բյուջեն 10 միլիարդ դրամ է: Բոլորն էլ ուզում են, որ այդ գումարն ավելի մեծ լինի, բայց եթե նման առաջարկներ ենք հնչեցնում, նաև պիտի հասկանանք, որ այդ գումարը միշտ լինում է մեկ այլ ուղղության հաշվին»,- ասաց Թունյանը:

Հիշեցնենք՝ երեկ, մանրամասնելով օրենքի նախագծի տրամաբանությունը, ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը նշել էր.

«Ընդամենը մենք խոսում ենք սոցփաթեթի շահառու հանդիսացող հանրային ծառայողների սոցփաթեթի գումարները նույն գումարի շրջանակում երկու այլ ուղղությամբ օգտագործելու հնարավորություն տալու մասին: Որևէ այլ փոփոխություն՝ բյուջեի բեռի ավելացման առումով, չի նախատեսվում: Շահառուների շրջանակի ընդլայնում այս նախագծով չի նախատեսվում: Ընդամենը մենք հնարավորություն ենք տալիս այն անձանց, ովքեր համարվում են սոցփաթեթի շահառուներ, գումարներն ուղղեն ոչ միայն հիփոթեքի, այլև պետական սուբսիդավորմամբ ուսման վարկի մարմանը և նաև հնարավորություն ունենա օգտվելու սպորտային համալիրի ծառայություններից»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ