Արցախ մուտքի ընթացակարգը չի ենթադրում որևէ երրորդ երկրի համաձայնությունը. ԱՀ ԱԳՆ

Հրաչ Սահակյան 16.02.2021 - 23:11
16.02.2021 - 23:11 դիտում

Արցախ մուտքի ընթացակարգը հստակ է և չի ենթարկվել որևէ փոփոխության։ Արցախի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության համար օտարերկրացիները նախօրոք դիմում են Արցախի ԱԳՆ և ստանում մուտքի արտոնագրերը Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում. այլ ընթացակարգ գոյություն չունի։ Մուտքի թույլտվության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը նաև փոխանցվում է ՌԴ խաղաղապահ ուժերին: Նշված ընթացակարգը չի ենթադրում համաձայնության հայցում կամ տվյալների փոխանցում որևէ երրորդ երկրի։Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝  պատասխանելով «Արցախպրես» գործակալության հարցին։

Մեկնաբանելով հարցն առ այն, որ վերջերս սոցիալական տարբեր հարթակներում և մամուլում տեղ է գտել տեղեկատվություն, որ օտարերկրյա քաղաքացիները խնդիրներ են ունեցել Արցախ մուտք գործելու հետ կապված, և մուտքի հետ կապված խոչընդոտները առաջացնում են ռուս խաղաղապահները՝ իբրև թե Ադրբեջանի կողմից թույլտվության բացակայության հետ պայմանավորված, Արտակ Ներսիսյանը նշել է.
«Վերջին օրերին տարբեր օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի իրականացման հետ կապված դժվարությունները պայմանավորված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված  հրամայականով։ Մուտքի ապահովման համակարգը ներդրվում է ՌԴ խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ»

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը հարկ է համարել նշել, որ մուտքի հետ կապված անհարմարությունները կկրեն ժամանակավոր բնույթ, ինչի մասին հավաստիացնում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությունը։

Ինչ վերաբերում է մուտքի թույլտվության հարցին, ապա, ըստ Արտակ Ներսիսյանի, ընթացակարգը հստակ է և չի ենթարկվել որևէ փոփոխության։ «Արցախի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության համար օտարերկրացիները նախօրոք դիմում են Արցախի ԱԳՆ և ստանում մուտքի արտոնագրերը Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում. այլ ընթացակարգ գոյություն չունի։ Մուտքի թույլտվության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը նաև փոխանցվում է ՌԴ խաղաղապահ ուժերին»,-ընդգծել է նա՝ շեշտելով, որ նշված ընթացակարգը չի ենթադրում համաձայնության հայցում կամ տվյալների փոխանցում որևէ երրորդ երկրի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ