Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում

Աննա Կոստանյան 21.12.2022 - 15:52
21.12.2022 - 15:52 դիտում

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր վիսցերալ լեյշմանիոզ, շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում:

Հանրապետական բժշկական կենտրոնում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։ Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող:

Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ