Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում

Աստղիկ Խաչատրյան 22.07.2026 - 20:19
22.07.2026 - 20:19 դիտում

ԱՄՆ ռազմաօդային ուժերը կկարողանան Բեզմեր ավիաբազայում տեղակայել ութ KC-135 լիցքավորող ինքնաթիռ և մինչև 250 զինծառայող։ Համաձայնագիրը նախատեսում է, որ դրանք այնտեղ կմնան հուլիսի 24-ից մինչև հոկտեմբերի 1-ը և կօգտագործվեն Իրանի դեմ գործողության ընթացքում տեխնիկան լիցքավորելու համար։

Իրանի ԱԳ նախարարն ավելի վաղ անընդունելի էր համարել նման համագործակցությունն ու զգուշացրել էր, որ Թեհրանը դա կհամարի «ագրեսիային մեղսակցություն»:

Իրանի զգուշացումներից հետո Բուլղարիան հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռները կօգտագործվեն բացառապես լոգիստիկ նպատակներով։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունն արել է վարչապետ Ռումեն Ռադևը՝ նախարարների հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետը նաև նշել է, որ «Բուլղարիայի տարածքից Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններ իրականացնելը կտրականապես բացառվում է»։

Բեզմեր ավիաբազան Բուլղարիան և ԱՄՆ-ն համատեղ օգտագործում են համաձայն 2006 թվականին ստորագրված պաշտպանական ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ