ԱՊՀ-ն ավելի քան 30 տարվա ընթացքում իրեն դրսևորել է որպես հեղինակավոր ինտեգրացիոն միավորում․ Պուտին

Աննա Կոստանյան 10.10.2025 - 14:23
10.10.2025 - 14:23 դիտում

Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Անկախ պետությունների համագործակցությունը իրեն դրսևորել է որպես հեղինակավոր ինտեգրացիոն միավորում՝ Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ հաջողվել է պահպանել հարթակը ոչ միայն շփման համար, այլ ստեղծել ընդհանուր շուկա, ընդհանուր հումանիտար տարածք:

Պուտինն ընդգծել է, որ ԱՊՀ երկրների միջև տնտեսական փոխգործակցությունը շարունակում է ամրապնդվել, հետևողականորեն բարելավվում է առևտրի կառուցվածքը։ ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՊՀ երկրները կառուցում են կայուն ֆինանսական ենթակառուցվածք, որն անկախ է արտաքին ազդեցությունից:

Կրեմլի ղեկավարը նշել է նաև, որ ԱՊՀ երկրները համակարգում են նաև արտաքին քաղաքական աշխատանքը, հստակեցնում դիրքորոշումները։ Այդ կապակցությամբ նա արդիական է համարել ՄԱԿ-ի ստեղծման 80-ամյակի կապակցությամբ խորհրդի հավանությանն արժանացած համատեղ հայտարարությունը:

«Աջակցում ենք Համագործակցության և ՇՀԿ-ի միջև շփումների խորացմանը։ Դրան է ուղղված ՇՀԿ-ին ԱՊՀ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին որոշման նախագիծը։ Իսկապես օգտակար կլիներ լիարժեք օգտագործել երկու կազմակերպությունների փոխգործակցության ներուժը մեր երկրների և ամբողջ եվրասիական տարածաշրջանի անվտանգ և կայուն զարգացումն ապահովելու համար»,- ասել է ՌԴ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ