Աշխարհում կոկաինի օգտագործումը հասել է ռեկորդային ցուցանիշի. ՄԱԿ

Աննա Կոստանյան 28.06.2023 - 15:00
28.06.2023 - 15:00 դիտում

Ներկայում ամբողջ աշխարհում ռեկորդային թվով մարդիկ կոկաին են օգտագործում, ինչի մասին ասվում է Միավորված ազգերի կազմակերպության զեկույցում: ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գործակալության գնահատականների համաձայն, ավելի քան 22 միլիոն մարդ առնվազն մեկ անգամ օգտագործել է թմրանյութը 2021 թվականին: Այս ցուցանիշը հինգ տոկոսով ավելի է նախորդ տարվա 21 միլիոնի համեմատ: Բացի այդ, չորրորդ տարին անընդմեջ արձանագրվում է կոկաինի օգտագործման ծավալի ավելացում, գրում է Daily Mail-ը:

Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, 2021 թվականին 296 միլիոն մարդ թմրանյութ է օգտագործել, ինչը 23 տոկոսով ավելի է, քան մեկ տասնամյակ առաջ: Գործակալությունը նախազգուշացրել է, որ աշխարհում նկատվում է կոկաինի առաջարկի և պահանջարկի «երկարատև աճ»: Փորձագետները նախազգուշացրել են, որ դա այլ երկրներում նոր շուկաների առաջացման վտանգ է ներկայացնում:

Զեկույցում ասվում է, որ կոկաինի շուկայի մեծ մասը գտնվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, որտեղ առաջատար արտադրողներն են Կոլումբիան, Պերուն և Բոլիվիան: Բայց այն նաև մեծ շուկաներ են դարձել Արևմտյան և Կենտրոնական Եվրոպան, Ավստրալիան: Աֆրիկայում, Ասիայում և Հարավարևելյան Եվրոպայում շուկաները նույնպես արագ են աճում, թեև ցածր մակարդակի վրա են դեռ, նշել են փորձագետները:

Զեկույցում ասվում է նաև, որ այժմ ռեկորդային քանակությամբ գյուղատնտեսական հողեր են փոխանցվում կոկա բույսի աճեցման համար, որն օգտագործվում է կոկաին պատրաստելու համար:

Հաշվարկները ցույց են տալիս, որ այս կոկա բույսի արտադրության համար այժմ օգտագործվում է 315,000 հեկտար տարածք, մինչդեռ ընդհանուր արտադրությունը հասել է 2,304 տոննայի: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային բարձր են:

2021 թվականին առգրավված կոկաինի քանակը կազմել է 2026 տոննա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ