ԱՄՆ-ը փորձում է արգելել Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին

6.04.2022 - 20:38 դիտում

Նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացվելու է G20-ի գագաթնաժողովը: Յոթ ամիս առաջ արդեն եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները մտածում են՝ ինչպես իրենց պահել, եթե ՌԴ նախագահ Պուտինը որոշի մասնակցել գագաթնաժողովին:

Ըստ Bloomberg-ի տվյալների, որոշ ղեկավարներ պատրաստ են հրաժարվել հանդիպմանը մասնակցելուց և Բալի ուղարկել ավելի ցածր մակարդակի պատվիրակություններ: Չի բացառվում, որ առաջին անգամ G20-ն ավարտվի առանց պաշտոնական կոմյունիկեի:

Պարբերականը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով՝ ԱՄՆ-ը փորձում է համոզել Ինդոնեզիային, որն այս տարի նախագահում է G20-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ չտալ մասնակցել գագաթնաժողովին: Մինչդեռ Ինդոնեզիան հայտարարել է, որ հրավիրում է G20-ի բոլոր անդամներին:

Արևմտյան պետությունների ղեկավարները քննարկում են Ռուսաստանին G20-ից դուրս մղելու հարցը, սակայն դիտորդները դա գրեթե անհնար են համարում: Նրանց կարծիքով՝ եթե 2014-ին Ղրիմի միացումից հետո Ռուսաստանը հանվեց «Մեծ ութնյակի» կազմից, ապա «Մեծ քսանյակից» հեռացնելը շատ ավելի բարդ հարց է, քանի որ այնպիսի երկրներ, ինչպիսին է Չինաստանը, հավանաբար, դրան չեն համաձայնի, իսկ որոշում ընդունելու համար պահանջվում է կոնսենսուս:

Չինացի բարձրաստիճան մի դիվանագետ ասել է, որ ոչ ոք չի կարող քանդել G20-ի դաշինքը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը դուրս մնա այդ դաշինքից, «ոչ մի սարսափելի բան» տեղի չի ունենա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ