Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով. վարչապետը փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 28.09.2020 - 15:11
28.09.2020 - 15:11 դիտում

Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ՝ արտաքին գործերի նախարարն ու ես, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ երրորդ անձ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել», – ասել է նա։

Վարչապետը նշել է, որ ԱԱԾ տնօրենը որոշակի դերակատարում է ունեցել օպերատիվ կապի ապահովման գործում իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

«Դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, թե կա մի հանգամանք, որի մասին ինքը երկու տարի չի խոսել կոռեկտությունից ելնելով, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, կխոսի այդ մասին։

«Ասում են, որ ես ժամանակ եմ խնդրել…Դուշանբեում, երբ որ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ, պարզ է, որ Հայաստանը շահագրգռված էր, որ հրադադարի ռեժիմը պապանվի, բա Ադրբեջանն ու Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա, ու մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ վերլուծելով հասկանում են, որ միակ տարբերակը դա է՝ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ Ադրբեջանի նախագահն է իրեն դիմել խնդրանքով։

«Այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը, եթե հիշում եք՝ այդ ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էր ու գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում ու այնպես ստացվեց, որ ես մի շարք ելույթներում անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին, փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ, որոշակի քննադատական խոսքեր էին հնչում, ու Իլհամ Ալիևի շահագրգրռվածությունը մի բանի վերաբերյալ էր, որ ինքը ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ ելույթներից ձեռնպահ մնամ», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Ալիևն անձամբ է իրեն խնդրել։

Վարչապետն ասել է, թե Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ՝ սեփական իշխանությունը ու բռնատիրական համակարգը պահպանելու միջոց։

Հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ մինչ ադրբեջանական լայնածավալ ագրեսիան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ