Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է հայ գերիներին

Աննա Կոստանյան 20.05.2021 - 13:16
20.05.2021 - 13:16 դիտում

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան կրկին այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն մեղադրում է Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ահաբեկչական գործողությունների իրականացման համար:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, օմբուդսմենի գրասենյակից մանրամասնել են, որ ՄԻՊ-ը պահվող անձանց հետ հանդիպել է դեմ առ դեմ` հետաքրքրվելով` արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են:

Ըստ աղբյուրի` պահվող անձինք բավարարվածություն են հայտնել պահման պայմանների, սննդի, բուժսպասարկման և վերաբերմունքի առնչությամբ: Օմբուդսմենն անհատական կարգով լսել է նրանց դիմումները. մայրենի լեզվով ներկայացվել են պահվող անձանց իրավունքները:

Հայտնի է, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը տվյալ միջոցառման շրջանակում անցկացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով հայ ռազմագերիների առնչությամբ հնչող մեղադրանքները, հայտնել է, որ Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին:

Հիշեցնենք՝ մայիսի 4-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 72-ի:

Հայկական կողմի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում անազատության մեջ շարունակում է մնալ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ:

Հայաստանը, իր հերթին, վերադարձրել է 16 ադրբեջանցու, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։

Նշենք նաև, որ ամիսներ առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններից տեղեկություններ էր պահանջել մոտ 200 հայ գերիների մասին։ Բաքուն, սակայն, մինչ օրս նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատել, պնդելով, թե մյուս՝ ավելի քան 100 հայերի մասին որևէ տեղեկություն չունի։ Ավելին`Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ գերիների վերադարձի մասով իրենց պարտավորությունն ամբողջովին իրագործել և ավարտել են, և որ այժմ Ադրբեջանում պահվում են միայն այն զինծառայողները, որոնք ձերբակալվել են նոյեմբերի 9-ի հրադադարից հետո՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերում։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ վերջիններս «դիվերսանտներն են»: Երկրում պատրաստվում են դատել նրանց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ