Մայրաքաղաքի համար 6 դպրոցի մարզադահլիճում մարտի 24-26-ը անց է կացվել «Ուշու քունգ ֆու» մարզաձևի Արցախի գավաթի առաջնություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի «Ուշու քունգ ֆու»-ի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Գրիգորյանն տեղեկացրել է, որ առաջնությանը մասնակցել են ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերի, ինչպես նաև խառը մենամարտեր մարզաձևի մարզիկներ:
«Առաջնությանը մասնակցել է շուրջ 250 մարզիկ՝ 15 թիմերից: Առաջնորդվում ենք միջազգային կանոններին համապատասխան: Հիմնական նպատակը մասնակիցների ներուժը ու լավագույնին բացահայտելն է: Գազամատակարարման հաճախակի խափանումներն ազդեցություն են թողել պարապմունքների վրա, քանի որ Մարտունիում, Սոսում և Հերհերում գործող խմբակների մարզիչները մայրաքաղաքից են գործուղվում: Այդուհանդերձ, վերջին շրջանում կարողացանք մարզումներ անցկացնել՝ շաբաթական երեք անգամ: Տղաներն այդ կարճ ժամանակում կարողացան բավականին լավ պատրաստվել: Մարզիկները սպասում էին այսպիսի առաջնության, որովհետև մոտ 6 ամիս է նման միջոցառումներ չեն կազմակերպվել»,-ներկայացրել է Դ. Գրիգորյանը: «Ուշու քունգ ֆու»-ի ֆեդերացիայի նախագահը կարևորում է շրջափակման պայմաններում տեղական առաջնությունների կազմակերպումը, որպեսզի մարզիկները շարունակեն կոփվել և ավելի լավ մարզական վիճակ ձեռք բերեն:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են գավաթով, պատվոգրերով, դիպլոմներով, դրամական պարգևներով:
Մրցանակային 1-ին տեղ զբաղեցրած Բորիս Մակրդումյանը մեզ հետ զրույցում ասել է, որ «Ուշու քունգ ֆու» մարզաձևով զբաղվում է մոտ երկու տարի:
«Ես Մաճկալաշեն գյուղից եմ: Հարևան Սոս գյուղում գործում է «Ուշու քունգ ֆու»-ի խմբակ, և ես հենց սկզբից էլ մեծ հաճույքով ներգրավվել եմ պարապմունքներին: Այս մարզաձևն իմ կենսակերպն է դարձել ու մեծ նպատակներ ունեմ կապված դրա հետ: Սա ինձ համար կարևոր հաղթանակ է ու պարտավորեցնող, որպեսզի ավելի շատ մարզվեմ, մասնակցեմ աշխարհի առաջնությունների և հաղթելով ծածանեմ Արցախի դրոշը»,-ասել է Բ. Մակրդումյանը: