Գնումներ՝ առանց գրառումների. ինչպե՞ս են Ամասիայում մասնակցում մրցույթների

5.08.2024 - 18:05 դիտում

Շիրակի մարզի Ամասիա համայնքում իրականացվում են թվով 4 սուբվենցիոն և համայնքային բյուջեով իրականացվող տարբեր ծրագրեր: Դեռ 2022 թվականից ավարտին հասցված ծրագրեր ևս կան, որոնց մասին, սակայն, ոչ մի տեղեկություն չկար Ամասիայի համայնքապետարանի կայքում՝ մասնավորապես գնումների մասին որևէ տեղեկատվություն «Այսօր» լրատվականին չհաջողվեց գտնել: Դեռ հուլիսի 15-ին որպես լրագրող խնդրի վերաբերյալ գրառում կատարեցի իմ անձնական ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակ կայքի գնումների բաժնում կար 51 գրառում, վերջին գրառումները 2022 թվականին էին կատարված, ընդ որում երկուսը՝ գրասենյակային ապրանքների, մյուս երկուսը սեղմված բնական գազի և ներքին աուդիտի ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ:Իրականացված ծրագրերի գնումների, մրցույթների, կնքված պայմանագրերի և հարակից փաստաթղթերի մասին ոչ մի գրառում կատարված չէր: Իմ գրառումից օրեր անց հեռախոսազանգով կապվեցինք Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ՝ համայնքում նկարահանում իրականացնելու նպատակով:Մինչ նկարահանումը, կայքում սկսեցին տեղ գտնել Ամասիայի 2024 թվականի ապրիլից հունիս ամիսների որոշ ֆայլեր: Ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես են մրցույթների մասին իրազեկվել, եթե կայքի համապատասխան բաժնում իրականացվելիք ծրագրերի մասին որևէ հայտարարություն չի եղել: Երևույթը հակասում է ՀՀ գնումների մասին օրենքին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ